Կար ժամանակ, երբ Ադրբեջանի հետ վիճելի տարածք համարվող Լեռնային Ղարաբաղը ձևականորեն անկախ պետություն էր: Իրականում, սակայն, այն համարյա թե Հայաստանի բաղկացուցիչ մասն էր: Ու հենց այդ հիմքով էր դեռևս «դուխով» Նիկոլը Արցախի նախագահ Բակո Սահակյանին անվանում մարզպետ: Բնականաբար, հայաստանյան մարզերից մեկի մարզպետ: Դա 2019 թվականին էր: Հետո եղավ 44-օրյա պատերազմը, ու «չշշկռվելիք» գերագույնի հրամանատարությամբ մեր երկիրը դաժան ու խայտառակ պարտություն կրեց: Եվ դրանից երկու տարի չանցած, եվրոպական քավորությամբ, արդեն «չդուխովի» խոսքի մակարդակում Արցախը դարձավ Ադրբեջանի մաս: Իսկ երբեմնի «դուխովը», որ պարտության պատասխանատուն և մեղավորն էր, չգիտես ինչ տրամաբանությամբ, մեր երկրում վերածվեց «մեծարգո» վարչապետի: Դա մարդկային պատմության երևի միակ անկրկնելի ու աննախադեպ փոխակերպումն էր: Դրանից որոշ ժամանակ անց, երբ վարչապետի աթոռից կառչած անձը խրձով հայաստանյան տարածքներ էր հանձնում թշնամուն, Ադրբեջանի հետ երկրի արևելյան սահմանները թշնամու կողմից բնութագրվեցին որպես պայմանական: Ինչը խիստ տրամաբանական քայլ էր. եթե վերջինս շարունակ սահմանակից տարածք էր գրավում, ապա սահմանն էլ չէր կարող չլինել պայմանական: Հաջորդ քայլը՝ խիստ զարմանալի, կատարվեց Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի կողմից, ով մեր՝ արդեն մեկ դար տևած, թշնամուն Սյունիքով «միջանցք» տրամադրելու վերաբերյալ հայտարարության մեջ այդ տարածքը ևս անվանեց վիճահարույց՝ միաժամանակ կրճատելով դրա երկարությունը: Նրա խոսքը, հիշեցնեմ, «Զանգեզուրի միջանցքը» 99 տարով վարձակալելու՝ ամերիկյան ծրագրի մասին էր: Թե ինչն էր հիմք հանդիսացել նման բնորոշման համար՝ մնաց անհայտ: Որովհետև վարչապետ կոչեցյալն այնքան համարձակություն չուներ, որպեսզի բացատրություն պահանջեր գոնե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանից:
Այդ ամենից հետո, բնականաբար, Ադրբեջանի բռնապետը կարող էր կատարել միանգամից մի քանի քայլ և Հայաստանի ողջ տարածքն, ըստ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ՖԲ գրառման, հայտարարել «կոնֆլիկտային»: Ինչն, ինչպես տեսնում ենք, մշտական խաղաղության մասին վարչապետ կոչեցյալի ջանքերին Ադրբեջանի՝ ավելի քան հստակ պատասխանն է: Եթե կոնֆլիկտի կողմերից մեկը խոսում է դրա ավարտի և խաղաղության հաստատման, իսկ մյուսն, ընդհակառակը, դրա գոյության մասին, ապա ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել ընդհանրապես: Ինչը, ինչպես երևում է, 2026-ի հունիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրության քարոզարշավային բաղկացուցիչ մաս է: Ու այն միտում ունի էն գլխից սեփական ժողովրդին հիմարացնելու, նրանից իշխանության վերարտադրության մանդատ կորզելու, իսկ հետո թշնամուն զիջելու այն ամենը, ինչ կպահանջի վերջինս: Եվ դա անընդհատ կբնորոշվի որպես խաղաղության հաստատման գործընթաց: Ու մի օր էլ վերջինիս «սիրելի» ժողովուրդը կտեսնի, որ իր հայրենիքում տեր ու տնօրինություն են անում ոչ միայն հայրենասիրությունից զուրկ ՔՊ-ականները, այլև ադրբեջանցիները: Ու իրեն կմնա կա՛մ հպատակվել թուրքախոս տարրին՝ ինչպես դա առկա է եղել այս տարածքում շուրջ հազար տարի, կա՛մ էլ լքել հայրենիքը՝ ինչը կատարվել է մշտապես: Իսկ որպեսզի դա տեղի չունենա, մեզ մնում է միայն մեկ ճանապարհ՝ Հայաստան աշխարհն ազատել ներքին թշնամիներից: Նրանցից, ովքեր, հանուն իշխանության պահպանման, երկիրն աստիճանաբա հանձնում են արտաքին թշնամուն:
Վախթանգ Սիրադեղյան